2017-10-24 08:41:33

Ա.Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՏԵՂԱԴՐԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ՑԱՆՑԻ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԸ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 18-ից 22-ը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հյուրընկալվել էր Երևանի ֆիզիկայի ինստիտուտի պատվիրակությունը` տնօրեն Աշոտ Չիլինգարյանի ղեկավարությամբ:

Շուշիի տեխնոլոգիական  համալսարանն ստեղծվել է 2015 թվականին, Լեռնային Ղարաբաղի կառավարության որոշմամբ։ Համալսարանի, որպես բարձրագույն ուսումնական հաստատության, հիմնական գործունեությունը նպատակաուղղված է ճարտարագիտական, գյուղատնտեսական, բնագի­տական, և այլ ուղղություններով կրթության, կիրառական գիտական հետազոտությունների և ուսումնառության կազմակերպմանը:

ԵՐՖԻ աշխատակիցների այցի նպատակն էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հիմնել երկրաֆիզիկական պարամետրերի չափման ցանցի հանգույց, որը կառուցվում է Հայաստանում: Ցանցի հանգույցները արդեն տեղակայված են Երևանում, Դիլիջանում, Սևանում, Արագած և Նոր Ամբերդ կայաններում, և վերջին հանգույցը կլինի Շուշիում:

Հայկական երկրաֆիզիկական ցանցի հանգույցները կազմված են ժամանակակից երկրաֆիզիկական պարամետրեր չափող սենսորներից, այդ թվում էլեկտրական դաշտամետրերից և եղանակային պարամետրեր չափող ավտոմատ կայանից: 

Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը խոսելով կառուցվող ցանցի մասին, նշեց, թե ինչ ֆիզիկական խնդիրներ կարող են լուծվել, ինչ կարգի աշխատանքներ կարող են կատարվել այդ ցանցի տվյալների միջոցով, և թե ինչպես ուսանողները կարող են օգտվել տվյալ ցանցից:

Երևանի տվյալների շտեմարանից, որտեղ տվյալները հավաքում են բոլոր հանգույցներից, կօգտվեն նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները: